ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Զբոսաշրջիկները կօգտվեն միասնական տոմսից

Զբոսաշրջիկները կօգտվեն միասնական տոմսից
04.07.2017 | 09:47

Մեկնարկել է «Երևան Քարտ» ծրագիրը, որի շրջանակում մեր երկիր այցելած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան միասնական տոմսի միջոցով օգտվելու զբոսաշրջային մի շարք ենթակառուցվածքներից, անվճար մուտք գործելու 40-ից ավելի թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցելու էքսկուրսիաների և զգալի զեղչեր ստանալու ավելի քան 150 գործընկեր կազմակերպություններում:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն ԱՐՄԱՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ծրագիրը կնպաստի՞ թանգարանների պրոպագանդային, կա՞ն թանգարաններ, որ ավելի շատ են հետաքրքրության արժանանում, ինչո՞վ է դա պայմանավորված: «Երկար տարիներ, երբ Հայաստան զբոսաշրջիկներ էին գալիս, տանում էին Մատենադարան, Գառնի-Գեղարդ: Եթե մենք ուզում ենք պոնչիկ ուտել, ո՞ւր ենք գնում` մեր հին պոնչիկանոցը: Սովորության ուժը գործում է, բայց վերջին տարիներին զբոսաշրջության շուկան բավական փոխվել է, նոր տուրեր են ավելացել»,- ասաց Արման Ծատուրյանը, վստահեցնելով, որ քարտային համակարգը կնպաստի թանգարաններ այցելությունների ավելացմանը, նաև գործիքներ կունենան վերահսկելու, թե որտեղ ավելի շատ այցելու կա: Նա նշեց նաև, որ մենք ունենք ցուցադրելու մշակութային հսկա ժառանգություն, պակասում է հստակ մեխանիզմների, գործիքների կիրառումը:


Անդրադառնալով «Վիրտուալ տուրերը նպաստո՞ւմ են թանգարանների նկատմամբ հետաքրքրությանը» հարցին` զրուցակիցս ասաց, որ դա վիճելի է. «Այստեղ էլ է պետք մոնիտորինգ անցկացնել: Ես նորագույն տեխնոլոգիաների կողմնակից եմ, բայց ինձ թվում է` չեն նպաստում: Դա մոդայիկ տրենդ է, վիրտուալ խաղի պես մի բան է: Մենք տեսանյութ ենք նայում Կանարյան կղզիների մասին, բայց գնալ- տեսնել-վայելելը այլ բան է: Կամ Ջոկոնդայի նկարը բոլորս էլ կարող ենք տեսնել, բայց ուզում ենք գնալ Փարիզ, Լուվրի թանգարան ու տեսնել բնօրինակը»: Արման Ծատուրյանի կարծիքով` «Երևան Քարտը» շուկա է բերվել մասնավորի կողմից, պետության գործը աջակցելը պետք է լինի. «2007-2008-ին, երբ այցելում էի Փարիզ, օգտվում էի այդ համակարգից, որը թույլ էր տալիս և ժամանակ խնայել, և գումար: ՈՒզում էի, որ մեզ մոտ էլ դա գործի, ժամանակը եկավ, և մեզ մոտ էլ արդեն կա»:


«Երևան Քարտ» ընկերությունը համագործակցում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի» հետ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ